Jump to content

Ադոլֆ Դիստերվեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Դիստերվեգ
գերմ.՝ Adolph Diesterweg
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 29, 1790(1790-10-29)[1][2][3][…]
ԾննդավայրԶիգեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[4]
Մահացել էհուլիսի 7, 1866(1866-07-07)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Ազգությունգերմանացի
ԿրթությունՀերբորնի համալսարան, Թյուբինգենի համալսարան
ԵրկերԱշխարհի վախճանի մասին,
Ձեռնարկ գերմանական ուսուցիչների կրթության համար,
Քաղաքակրթության կենսական խնդիրները,
Ձեռնարկ մաթեմատիկական աշխարհագրության և հանրամատչելի աստղագիտության,
Մանկավարժական իդեալները և հնարավորությունները,
Մանկական դպրոցական ուսուցման տարրերը
Մասնագիտությունմանկավարժ, փիլիսոփա
Անդամություն«Մանկավարժական ընկերություն»,
«Բեռլինի կրտսեր ուսուցչական ընկերություն»,
«Ընկերական ուսուցչական միություն»
 Adolph Diesterweg Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Ադոլֆ Վիլհելմ Դիստերվեգ (գերմ.՝ Friedrich Adolph Wilhelm Diesterweg, հոկտեմբերի 29, 1790(1790-10-29)[1][2][3][…], Զիգեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[4] - հուլիսի 7, 1866(1866-07-07)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի մանկավարժ, փիլիսոփա, գրող, հասարակական և քաղաքական գործիչ։

Ադոլֆ Դիստերվեգը 19-րդ դարի առաջին կեսի ականավոր դեմոկրատ-մանկավարժներից մեկն է, «գերմանացի ուսուցիչների ուսուցիչը»։ Նա եղել է գերմանական ժողովրդական ուսուցչության առաջնորդը, առաջին ուսուցչական ընկերությունների և միությունների կազմակերպիչը։ Նրա բազմամյա հասարակական-մանկավարժական գործունեությունը ցայտուն կերպով արտահայտված առաջադիմական բնույթ ուներ։ Դիստերվեգը պայքարել է ուսուցման դոգմատիզմի դեմ, նա ուսուցման և դաստիարակության հիմնական խնդիրները լուծում էր որպես նորարար և ձգտում իր ժամանակի դիդակտիկան ազատել ձևականության տարրերից։ Նա ձգտել է ժամանակակից կրթությունը վերակառուցել առաջավոր գաղափարների հիմունքներով, ժողովրդական ուսուցիչներին զինել գիտելիքներով և մանկավարժական վարպետությամբ, պաշտպանել նրանց քաղաքացիական իրավունքները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Դիստերվեգը ծնվել է 1790 թվականին Զիգեն կոչվող արդյունաբերական ոչ մեծ քաղաքում՝ Վեստֆալիայում, աստիճանավոր իրավաբանի ընտանիքում։ 18-րդ դարի վերջում Գերմանիան տիրակալ իշխանների կողմից տնտեսապես և քաղաքականապես մասնատված ֆեոդալական հետամնաց երկիր էր։

Տարրական և լատինական դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջին գերմանական տարրական դպրոցը կրում էր միջնադարյան դպրոցի բնորոշ գծերը։ Ուսուցումը նրանում հանգում էր կարդալուն, գրելուն, թվաբանության չորս գործողությունների դասավանդմանը, երգելուն, կատեխիզիսը, սաղմոսները և աղոթքները սերտելուն։

Տարրական դպրոցների ուսուցիչները, առանձնապես գյուղական վայրերում, սովորաբար այնպիսի մարդիկ էին, որոնք մանկավարժական աշխատանքը համատեղում էին եկեղեցական ստորին պաշտոնյայի պարտականությունների կամ արհեստի հետ։ Ֆրիդրիխ 2-րդի հատուկ հրամանագիրը պարտավորեցնում էր գյուղական ուսուցչի պաշտոնում տեղ տալ պաշտոնաթող զինվորներին։ Մանկավարժական անձնակազմի ցածր կրթական մակարդակը պայմանավորում էր ուսուցման համապատասխան մեթոդիկան, որը հանգում էր աշակերտներին սոսկ մեխանիկորեն գիտելիքներ հաղորդելուն։ Մեխանիկական ուսուցումը հատուկ էր, ինչպես տարրական, այնպես էլ լատինական դպրոցին[5]։

Տարրական դպրոցն ավարտելուց հետո Դիստերվեգը ընդունվում է լատինական դպրոց, որն ավարտում է 1808 թվականին։ Դիստերվեգի կենսագիր Լանգենբերգի վկայությամբ՝ Դիստերվեգը լատինական դպրոցում սովորելիս ստիպված է եղել տարիներ շարունակ սերտել աշակերտներին անհասկանալի լատինական դասականների բնագրերը։ Դպրոցական տարիները խոր ատելություն են առաջացրել Դիստերվեգի մոտ դոգմատիկական ուսման նկատմամբ։ Մանկության և պատանեկության այս տպավորություններն էլ նպաստել են Դիստերվեգի մոտ ժողովրդական դպրոցի խնդիրների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը ու այն փոխելու ուղիների մշակմանը[6]։

Հերբորնի և Թյուբինգենի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստային նամականիշ․ (Գերմանիա, 1990)

1808 թվականին Դիստերվեգը ընդունվում է Հերբորնի համալսարան, որտեղ ուսումնասիրում է մաթեմատիկա, փիլիսոփայություն և պատմություն։ Մեկ տարի անց նա տեղափոխվում է Թյուբինգենի համալսարան, որն ավարտում է 1811 թվականին[7]։

1817 թվականին Թյուբինգենի համալսարնում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն «Աշխարհի վախճանի մասին» խորագրով՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Ատենախոսության մեջ նա ժխտում է Վ. Զեելի՝ աշխարհի մոտակա կործանման մասին միստիկական տեսությունը։

Դիստերվեգի աշխարհայացքը ձևավորվել է 18-րդ դարի լուսավորական փիլիսոփայության և գերմանական առաջավոր գրականության՝ Գ. Հերդերի, Ֆ. Շիլլերի, Վ. Գյոթեի ստեղծագործությունների ազդեցության տակ։ «Գյոթեն՝ որպես ընդօրինակման կերպար ուսուցիչների համար»[8] իր ճառում նա Գյոթեին բնութագրում է որպես «մարդկության մեծ դաստիարակ», ով մարդկությունն ազատագրեց միջնադարյան մոլորություններից ու նախապաշարմունքներց։ Դիստերվեգը Գ. Լեսսինգին համարում էր 18-րդ դարի «մեծ լուսավորիչ» և կոչ էր անում Լեսսինգից, Շիլլերից և Գյոթեից քաղել հումանիստական դաստիարակության իդեալները[9]։

Համալսարանական տարիներին Դիստերվեգը ծանոթանում է նաև Ի. Հ. Պեստալոցցու առաջավոր մանկավարժական գաղափարներին և դառնում նրա սոցիալ-մանկավարժական համոզմունքների ջերմ կողմնակիցը։

Բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո Դիստերվեգը մտադիր էր դառնալ ինժեներ և այդ նպատակով մեկնում է Դյուսսելդորֆ՝ հանձնելու համապատասխան քննությունները։ Սակայն պատերազմական իրավիճակի պատճառով հանձնաժողովը արձակված էր, և դա նրան չի հաջողվում։ Դիստերվեգը բնակություն է հաստատում Մանհեյմում, որտեղ իր եղբայրը գիմնազիայի ուսուցիչ էր։

Մանկավարժական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործունեությունը Մանհեյմում և Ֆրանկֆուրտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգն իր մանկավարժական գործունեությունը սկսել է Մանհեյմ քաղաքում, որտեղ աշխատել է որպես տնային ուսուցիչ։ Սկզբում նա փորձում էր կիրառել Պեստալոցցու տարրական ուսուցման մեթոդիկան։ Սակայն իր իսկ խոստովանությամբ, նա այդ մասին շատ աղոտ պատկերացում ուներ, լիակատար անհաջողության հանդիպեց և ստիպված էր դիմել ուսուցման ավանդական ձևերին։

1813-1818 թվականներին Դիստերվեգն աշխատել է Ֆրանկֆուրտ քաղաքի օրինակելի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։ Այդ դպրոցում աշխատում էին Պեստալոցցու աշակերտներն ու հետևորդները, ինչը մեծ ազդեցություն է ունեցել Դիստերվեգի մանկավարժական հայացքների ձևավորման վրա։ Օրինակելի դպրոցում, ընկնելով Պեստալոցցուն հետևող մանկավարժների շրջանը, Դիստերվեգը հաստատուն կերպով կանգնում է պեստալոցցիական դիրքերի վրա, որոնցով առաջնորդվում է իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում։

Գործունեությունը Հռենոսում (Էլբերֆելդ, Մյորս)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թվականին Դիստերվեգն աշխատում է Հռենոսի Էլբերֆելդի լատինական դպրոցում որպես ուսուցիչ, 1820 թվականից գլխավորում է Մյորս քաղաքի նորաբաց ուսուցչական սեմինարիան (1820-1832)։ 12 տարվա ընթացքում, երբ Դիստերվեգը Մյորսի սեմինարիայի ղեկավարն էր, Հռենոսի տարրական դպրոցների համար պատրաստվեց ավելի քան 200 ուսուցիչ։ Մյորսի սեմինարայի համար նրա մշակած պլանը համարվեց օրինակելի և հիմք ընդունվեց պրուսական մյուս սեմինարիաների աշխատանքների համար։

1827 թվականից ընդհուպ մինչև կյանքի վերջը հրատարակում է «Հռենոսյան թերթիկներ դաստիարակության և ուսուցման համար» ամսագիրը[Ն 1]։ Այս ամսագրում զետեղվել են նրա ավելի քան 400 հոդվածները կրթության և դաստիարակության հարցերի վերաբերյալ։ Հանդեսի առաջին համարի նախաբանում Դիստերվեգը նշում է, որ դրա հիմնական խնդիրը պայքարն է ուսուցչի լիարժեք ընդհանուր կրթության համար։ Դիստերվեգը ուսուցիչներին կոչ էր անում չներփակվել ամենօրյա դպրոցական գործունեության նեղ շրջանակներում, այլ իրենց հետաքրքրությունն ուղղել այնպիսի կարևոր խնդիրների վրա, ինչպիսին են՝ մարդու կոչումը, կրթության հիմնահարցերը, ժամանակակից հասարակական զարգացման շարժիչ ուժերը։ Նա ձգտում էր, որ ուսուցիչները յուրացնեն դաստիարակության և կրթության առաջավոր սկզբունքները և իրենց սեփական դասավանդման մեջ հաղթահարեն դոգմատիզմն ու հնամոլությունը։ Դիստերվեգը «Հռենոսյան թերթիկներ»-ում կոնկրետ ցուցումներ է տալիս նաև առանձին առարկաների դասավանդման մեթոդիկաների վերաբերյալ։

Այս նույն շրջանում Դիստերվեգը գրում է մի շարք դասագրքեր, որոնք մեծ տարածում ուեցան ժամանակի դպրոցներում՝ ինչպես տարրական, այնպես էլ միջնակարգ (ռեալական դպրոցների և գիմնազիաների ստորին դասարաններում)։ Առավել մեծ հաջողություն ունեցան Դիստերվեգի կազմած երկրաչափության, թվաբանության և մայրենի լեզվի ձեռնարկները։

Գործունեությունը Բեռլինում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1832 թվականին Դիստերվեգը նշանակվում է Բեռլինի քաղաքային դպրոցների սեմինարիայի տնօրեն և այդ պաշտոնում մնում մինչև 1847 թվականը։

1832 թվականի նոյեմբերին Դիստերվեգը Բեռլինում հիմնադրում է «Մանկավարժական ընկերությունը»։ Այդ ընկերության ժողովների ընթացքում նրա անդամները հանդես էին գալիս մանկավարժության տարբեր հարցերի շուրջ զեկուցումներով։ 1840 թվականին Դիստերվեգը կազմակերպում է «Բեռլինի կրտսեր ուսուցչական ընկերությունը», որտեղ մշակվում էին պեստալոցցիական մեթոդիկայի կոնկրետ հարցերը և զեկուցումներ կարդացվում դասական և ժամանակակից մանկավարժական գրականության մասին։ 1841 թվականին Դիստերվեգը հիմնում է «Ընկերական ուսուցչական միությունը»։ Նա այս բոլոր ընկերությունների գործունյա անդամ էր, իսկ հաճախ նաև նախագահ։

Ձգտելով ժողովրդական ուսուցչության մեջ հետաքրքրություն առաջացնել մանկավարժական գործի նկատմամբ՝ Դիստերվեգը 1835 թվականին հրատարակում է իր առավել հայտնի աշխատությունը՝ «Ձեռնարկ գերմանական ուսուցիչների կրթության համար»[7]։ 1851 թվականին «Հռենոսյան թերթիկներ»-ին զուգահեռ հրատարակում է «Մանկավարժական տարեգիրքը»։

1850 թվականին Դիստերվեգը լիովին հեռացվում է ծառայությունից, ինչի կապակցությամբ գրում է. «Ինձ թվում էր՝ ես ապրեցի իմ սեփական մահը»[10]։ Սակայն պաշտոնից հեռացվելուց հետո էլ Դիստերվեգը շարունակեց մնալ գերմանական ժովորդական ուսուցիչների առաջնորդը։ Նրան սկզբում ընտրեցին Համագերմանական ուսուցիչների միության նախագահ, իսկ այնուհետև իրենց ներկայացուցիչը Պրուսական պատգամավորների պալատում[11]։ Դիստերվեգն իր հասարակական-քաղաքական գործունեությունը շարունակել է մինչև իր կյանքի վերջին օրերը։

Դիստերվեգը մահացել է 1866 թվականին Բեռլինում խոլերայից։

Դիստերվեգը՝ որպես միասնական դպրոցի քարոզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադոլֆ Դիստերվեգին նվիրված հուշարձան Բեռլինում

Դիստերվեգն ակտիվ կերպով մասնակցել է դասային դպրոցների կողմնակիցների և միասնական համընդհանուր դպրոցի կողմնակիցների միջև Գերմանիայում ծավալված պայքարին։ Դասային դպրոցների կողմնակիցները գտնում էին, որ ժողովրդական կրթության գերմանական համակարգում բնակչության յուրաքանչյուր խավի համար պետք է լինի հատուկ դպրոց (ամենաաղքատ բնակչության համար՝ ժողովրդական դպրոց, բյուրգերների համար՝ միջնակարգ ռեալական դպրոց, ազնվականների ու պաշտոնյաների համար՝ դասական գիմնազիա)։ Միասնական դպրոցի կողմնակիցները, դրանց թվում նաև Դիստերվեգը, պահանջում էին ստեղծել այնպիսի դպրոց, որը միատեսակ մատչելի կլինի բոլոր երեխաների համար անկախ դասային պատկանելիությունից, նրանց ծնողների հասարակական դիրքից ու կրոնական հայացքներից։ Նա պահանջում էր դադարեցնել եկեղեցու խնամակալությունը դպրոցի վրա և դպրոցի հսկողությունը հանձնել ոչ թե քահանաներին, այլ մասնագետ մանկավարժներին[12]։

Դաստիարակության նպատակն ու էությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը հանդես է եկել համամարդկային դաստիարակության գաղափարների պաշտպանությամբ։ Նրա կարծիքով՝ դպրոցի խնդիրն է դաստիարակել հումանիստ մարդիկ ու գիտակից քաղաքացիներ։ Սերը հանուն մարդկության և իր ժողովրդի հանդեպ պետք է զարգանա մարդկանց մոտ սերտ միասնության մեջ։

Մարդ՝ իմ անունն է, գերմանացի՝ իմ մականունը։
- «Ինչից պետք է խուսափի ուսուցիչը ներկայում և ինչին պետք է հետևի» (հոդված)

Դաստիարակության բարձրագույն նպատակը Դիստերվեգը սահմանել է որպես ճշմարտությանը, գեղեցիկին և բարուն ծառայելու ինքնագործունեություն։ Այս ձևակերպումն իր ողջ անորոշությամբ հանդերձ պարունակում է առաջադիմական գաղափարներ։

Դաստիարակության սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնահարմարության սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը դաստիարակության կարևորագույն սկզբունքը համարում էր բնահարմարությունը։ Նրա մեկնաբանությամբ՝ դաստիարակության բնահարմարությունը մարդու բնական զարգացման գործընթացին հետևելն է, անհատական ու տարիքային առանձնահատկությունների հաշվառումն է[13]։ Նա ուսուցիչներն կոչ էր անում մանրազնին կերպով ուսումնասիրել մանկական ուշադրության, հիշողության, մտածողության առանձնահատկությունները՝ հոգեբանությունը համարելով «դաստիարակության վերաբերյալ գիտության հիմքը»[14]։ Սակայն Դիստերվեգը մարդկային բնությունը դիտում էր որպես անփոփոխ, վերացական էություն՝ հաշվի չառնելով, որ հասարակության զարգացման գործընթացում մարդը զարգանում և փոփոխվում է։ Ընդ որում՝ վերջինս ակտիվ դեր ունի շրջակա միջավայրի և հասարակական կյանքի փոփոխման գործում։

Մշակութահարմարության սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի լրումն բնահարմարության սկզբունքի, Դիստերվեգն առաջադրում էր այն պահանջը, որ դաստիարակությունը կրի մշակութահարմար բնույթ։ Նա գրում է. «Դաստիարակության ժամանակ պետք է նկատի ունենալ տեղի և ժամանակի պայմանները, ուր ծնվել է և պիտի ապրի մարդը, մի խոսքով՝ ամբողջ ժամանակակից մշակույթը՝ այս խոսքի լայն ու համընդգրկող իմաստով…»: Չնայած՝ պատմական զարգացման ընթացքի իդեալիստական մեկանբանումը խանգարեց Դիստերվեգին լրիվ հասկանալու դաստիարակության սոցիալակսն էությունը, այնուամենայնիվ նրա՝ դաստիարակության և հասարակական կյանքի միջև սերտ կապ ստեղծելու անհրաժեշտության պահանջը առաջադիմական էր։ Ներկայում էլ Դիստերվեգի առաջ քաշած մշակութահարմարության սկզբունքը համարվում է սոցիալական մանկավարժության՝ որպես գիտության կարևորագույն սկզբունքներից մեկը[15]։

«Բնահարմարության և մշակութահարմարության սկզբունքը ուսուցման մեջ» հոդվածում Դիստերվեգը պնդում էր, որ բնահարմարության սկզբունքը մանկավարժության մեջ կատարում է կողմնորոշչի դեր և մշակութահարմարության սկզբունքի համեմատությամբ ավելի բարձր սկզբունք է. նրանց միջև կոնֆլիկտ առաջանալու դեպքում՝ նախապատվությունը պետք է տրվի առաջինին[16]։

Երեխայի տարիքային զարգացման աստիճանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը առանձնացնում է երեխայի տարիքային զարգացման երեք աստիճան։

Տարիքային զարգացման առաջին աստիճանում (6-9 տարեկան) երեխաների մոտ գերակշռում է զգայական ընկալումը, հակվածությունը դեպի խաղային գործունեությունը։ Այս տարիքում երեխաները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում երևակայական պատմությունների, հեքիաթների նկատմամբ։ Այս տարիքային խմբի երեխաների ուսուցման գործընթացում առաջնայինը զգայական ճանաչողությունն է, զգացողությունների մարզումը։

Տարիքային զարգացման երկրորդ աստիճանում (9-14 տարեկան) երեխաներին բնորոշ է հիշողության զարգացումը և հակվածությունը դեպի պատկերացումները։ Այս փուլում ուսուցման գլխավոր խնդիրը մտքի և զգայությունների միջոցով ընկալվող նյութի միջև կապի ստեղծումն է և անհրաժեշտ հմտությունների ձևավորումը։

Տարիքային զարգացման երրորդ աստիճանը (14-16 տարեկան) դատողությունների շրջանն է։ Այս շրջանում զարգանում է երեխայի հիշողությունը և տրամաբանական մտածողությունը։ Երեխայի պատկերացումներն այժմ առաջանում են տրամաբանական հաջորդականությամբ։ Ուսումը կատարվում է միանգամայն գիտակցաբար՝ օրենքների և կանոնների որոշակի ըմբռմամբ։ Բարոյական հայացքները վեր են ածվում համոզմունքների։ Այս շրջանում դաստիարակը պետք է նպաստի դատողության աստիճանական զարգացմանը[17]։

Դիստերվեգն առաջարկում է դաստիարակության գործընթացը կառուցել երեխայի հոգեկան զարգացման այս սխեմայի հիման վրա։

Ուսուցման գործընթացի էությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիստերվեգի անվան գիմնազիան Պլաուեն քաղաքում, Գերմանիա

Դիստերվեգը ստեղծել է զարգացնող ուսուցման դիդակտիկա, որի հիմնական պահանջները շարադրել է ուսուցման 33 օրենքների ու կանոնների ձևով։

Դրանք բաժանվում են հետևյալ խմբերի.

  • ուսուցման կանոններ, որոնք վերաբերում են աշակերտին (սուբյեկտին),
  • ուսուցման կանոններ, որոնք վերաբերում են ուսումնական նյութին (օբյեկտին),
  • ուսուցման կանոններ, որոնք համապատասխանում են արտաքին պայմաններին, տեղին, ժամանակին և այլն,
  • ուսուցման կանոններ, որոնք վերաբերում են ուսուցչին[18]։

Ըստ Դիստերվեգի՝ ուսուցման գլխավոր խնդիրը երեխաների մտավոր ուժերի ու ընդունակությունների զարգացումն է։ Նշելով, որ ձևական կրթությունը սերտ կերպով կապված է նյութականի հետ, Դիստերվեգն ընդգծում էր, որ մաքուր ձևական կրթություն առհասարակ գոյություն չունի, արժեք ունեն միայն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք աշակերտը ձեռք է բերել ինքնուրույն ճանապարհով։

Ուսուցումը պետք է նպաստի մարդու համակողմանի զարգացմանը և նրա բարոյական դաստիարակությանը։ Ուսումնական յուրաքանչյուր առարկա կրթական արժեք ներկայացնելու հետ մեկտեղ ունի նաև բարոյական նշանակություն։ Այսինքն՝ ճշմարիտ ուսուցումը պետք է ունենա դաստիարակող բնույթ։

Դիստերվեգը երեխաների կրթության գործում մեծ տեղ էր հատկացնում հայրենիքի պատմությանը և աշխարհագրությանը, մայրենի լեզվին ու գրականությանը։ Նա հատկապես բարձր է գնահատում բնական և մաթեմատիկական գիտությունները, որոնց մեջ տեսնում էր երեխաների մտավոր զարգացման կարևոր միջոց։

Դիդակտիկական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Դիստերվեգի՝ ինչպես դաստիարակությունը, այնպես էլ ուսուցումը պետք է տարվեն բնահարմար ձևով, մանկական ընկալման առանձնահատկություններին համապատասխան։ Օրինակներից պետք է գնալ դեպի կանոնները, առարկաներից ու նրանց մասին կոնկրետ պատկերացումներից՝ դեպի դրանք արտահայտող բառերը։ Մեծ նշանակություն տալով երեխաներին այն առարկենիերին ծանոթացնելուն, որոնք անմիջական կերպով մատչելի են նրանց զգայարաններին, Դիստերվեգը միաժամանակ ընդգծում է երեխայի կողմից զգայական ճանապարհով ընկալված ամբողջ նյութի կշռադատման և գիտակցման անհրաժեշտությունը։ Զննական ուսուցումը նրա մոտ կապված է «պարզից դեպի բարդը», «հայտնիից դեպի անհայտը», «հեշտից դեպի ավելի դժվարը» կանոնների հետ[19]։

Դիստերվեգը մեծ նշանակություն էր տալիս ուսումնասիրվող նյութի գիտակցական յուրացմանը։ Նման յուրացման ցուցանիշներից մեկը աշակերտների կողմից գործի էությունը պարզ ու հստակ շարադրելու ընդունակությունն է։ Նյութի հաջող յուրացման պարտադիր պայմանը նրա մատչելիությունն է աշակերտների համար։ Չափազանց կարևոր են հետևյալ կանոնները. «Երբեք մի՛ սովորեցրու այն, ինչը աշակերտը դեռ ի վիճակի չէ յուրացնել» կամ «Ոչինչ մի՛ սովորեցրու ժամանակից շուտ»[20]։ Այս կանոններն ընկած են նաև տարիքային առանձնահատկությունների հաշվառման սկզբունքի հիմքում։

Ուսուցման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցման գործընթացը մեկնաբանելով որպես աշակերտների մտավոր ուժերի հրահրում՝ Դիստերվեգը մեթոդի արժեքը որոշում էր առաջին հերթին երեխայի զարգացման տեսանկյունով։ Այսինքն՝ ուսուցման այս կամ այն մեթոդի արդյունավետությունը որոշվում է նրանով, թե որքանով է այն օգնում աշակերտների մտավոր ուժերի արթնացմանը։

Ամեն մեթոդ վատ է, եթե աշակերտին ընտելացնում է հասարակ ընկալման կամ պասիվության, և լավ է, եթե նրա մեջ ինքնագործունեություն է արթնացնում։

Դիստերվեգը ուսուցման իսկական զարգացնող մեթոդ է համարում միայն, այսպես կոչված, տարրական մեթոդը, որը համապատասխանում է «իմացության բնական ուղուն»։ Նրա կարծիքով, այդ տարրական մեթոդը ընթանում է դիտողականության ուղիով։ Նա սկսում էր եզակիից (կոնկրետից) և սովորեցնում նրանից դուրս բերել և զարգացնել ընդհանուրը։ Այսպիսով՝ Դիստերվեգը նույնացնում էր տարրական մեթոդը ինդուկտիվ մեթոդի հետ։

Նա կարևորում էր դասավանդման հարց ու պատասխանի մեթոդը և նրա լավագույն ձևը համարում էվրիստիկ զրույցը, որն առավելագույն չափով արթնացնում է աշակերտների մտավոր ուժերը։

Վատ ուսուցիչը ճշմարտություններ է հաղորդում, լավ ուսուցիչը՝ սովորեցնում գտնել դրանք։

Չնայած այս ամենին՝ Դիստերվեգը գերագնահտում էր դասավանդման հարցողական ձևի նշանակությունը (հատկապես տարրական դպրոցում) և թերագնահատում էր ուսուցչի պատմելու դաստիարակչական և կրթական դերը։

Ուսուցչին ներկայացվող պահանջները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այնտեղ, ուր դպրոցական գործը ընկած վիճակում է, մեղավոր է ուսուցիչը, որտեղ այն լավ է դրված, պարտական է ուսուցչին։ Ուսուցիչը դպրոցի համար նույնն է, ինչ արևը՝ տիեզերքի, նա աղբյուր է այն ուժի, որ շարժման մեջ է դնում ամբողջ մեքենան։ Այդ մեքենային ուժ և շարժում տվողը ուսուցիչն է[21]։

Ուսուցման գործընթացում մանկական ինքնագործունեության զարգացումը, աշակերտներին գիտելիքներով զինելը Դիստերվեգը հնարավոր էր համարում միայն ուսուցչի ղեկավար դերի պայմաններում։ Ուսուցման մեջ նա մեծ նշանակություն էր տալիս հստակ մշակված պլանին և լավ դասագրքին։ Լավ ուսուցիչը պետք է կատարելապես տիրապետի իր առարկային և սիրի իր մասնագիտությունն ու երեխաներին։

Դիստերվեգը հսկայական նշանակություն էր տալիս ուսուցչի ինքնակրթությանը։ Նա մեծ նշանակություն էր տալիս ուսուցիչներին գործնական մանկավարժության ունակություններով ու հմտություններով զինելուն։

Անհնար է ուրիշին տալ այն, ինչ դու չունես, և անհնար է զարգացնել, դաստիարակել և կրթել ուրիշներին, եթե ինքդ զարգացած, դաստիարակված ու կիրթ չես։
- «Ձեռնարկ գերմանական ուսուցիչների համար»
Ես գտնում եմ, որ միայն այն ժամանակ կարելի է բարձրացնել ժողովրդական դպրոցը և դրա հետ մեկտեղ բարձրացնել ողջ ժողովրդական կրթությունը, երբ ժողովրդական ուսուցիչները հաղորդակից դառնան ընդհանուր մարդկային կրթությանը և ամբողջ կյանքի ընթացքում աշխատեն ավելի ու ավելի լրացնել իրենց կրթությունը[22]։

Դիստերվեգը մեծ նշանակություն էր տալիս ուսուցչի անձնական օրինակին.

Ես տանել չեմ կարողանում այն ուսուցիչներին, ովքեր դպրոցից դուրս են գտնվում անմիջապես, երբ հնչում է զանգը։ Նրանք կարող են գիտելիքներ ունենալ, բայց հուսալի մարդիկ չեն երեխաների դաստիարակության համար։

Ըստ Դիստերվեգի՝ լավ ուսուցիչն ամենից առաջ պետք է կատարելապես տիրապետի իր առարկային, սիրի երեխաներին ու դասավանդումը և այն պետք է այնպես կազմակերպի, որ նրանց մեջ ձգտում առաջ բերի դեպի գիտելիքները։

Ամեն մի ճշմարիտ ուսուցման մեջ միացած են երեք գործոններ. գործի գիտենալը, սերը գործի և աշակերտի նկատմամբ, մանկավարժական ընդունակությունները։ Ուսուցման այդ երեք կողմերը ուսուցչի անձնավորության մեջ միանում են որպես մի ամբողջական ներդաշնակություն, որը և աշակերտի վրա ունենում է եռակի ազդեցություն, դրա շնորհիվ նա իմանում, սիրում է այն, կամք և ուժ է ստանում՝ ճշմարտության հասնելու և նրան ծառայելու համար։
- «Դպրոցական կարգապահությունը և նրա կապը ուսուցման հետ» (հոդված)

Ուսուցչի հասարակական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգի հասարակական-մանկավարժական գործունեության մեջ մեծ տեղ է գրավում ուսուցչի նյութական և իրավական վիճակի բարելավման համար նրա տարած պայքարը։ 1859 թվականին «Մանկավարժական տարեգրքի» առաջաբանում նա գրում է.

Ով ցանկանում է, որ ժողովուրդը երջանիկ լինի և լավ դաստիարակվի, նա պետք է ընդունի, որ այդ նպատակին հասնելու առաջին և անխուսափելի պայմանն է ուսուցիչների դաստիարակությունն ու կրթությունը և նրանց այնպիսի դիրքը, որը համապատասխանում է նրանց կարևոր պարտականություններին... Դուք ցանկանում եք հոգ տանել ձեր երեխաների մասին՝ ուրեմն հոգ տարեք այն մարդկանց վիճակի բարգավաճման մասին, ում վստահել եք նրանց դաստիարակությունը[23]։
- «Մանկավարժական տարեգիրք» (1859)

Ուսուցչի կյանքի պայմանների լավացումը, Դիստերվեգի կարծիքով, նրան հնարավորություն կտա էլ ավելի անձնվիրաբար նվիրվելու իր գործին և մանկավարժի մասնագիտության նշանակությունը բարձրացնելու թե՛ բնակչության, և թե իր սեփական աչքերում։

Դիստերվեգը ուսուցչի կոչումը համարում էր ամենակարևորը և նշում, որ ժողովրդին դաստիարակողները պետք է լինեն ազգի լավագույն մարդիկ։ Նա ձգտում էր հենց ուսուցիչների մեջ արթնացնել իրենց քաղաքացիական իրավունքների գիտակցումը, առաջարկում էր նրանց միավորվել հատուկ կազմակերպություններում՝ պայքարել սեփական մասնագիտական շահերը պաշտպանելու, ինչպես նաև մանկավարժական փորձի փոխանակաման ու ինքնակրթության համար։

Ուսուցիչների պատրաստումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիստերվեգը ուսուցիչների պատրաստմանը մեծ նշանակություն էր տալիս։ Նա պահանջում էր, որ ուսուցիչների կրթությունը չսահմանափակվի միայն ապագա ուսուցիչներին գիտելիքներ հաղորդելով, այլ գիտության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացնի նրանց մոտ։

Դիստերվեգը մեծ ուշադրություն էր դարձնում սեմինարիայում մասնագիտական առարկաների դրվածքին։ Ուսուցչի գիտելիքները երեխայի ֆիզիոլոգիայի և հոգեբանության մասին նա անհրաժեշտ նախապայման էր համարում դաստիարակության և ուսուցման հիմունքները հասկանալու համար։

Ապագա ուսուցիչներ պատրաստող ուսումնական հիմնարկում, Դիստերվեգի կարծիքով, դասավանդումը լիովին պետք է կառուցված լինի տեսականի և գործնականի սերտ միասնության հիման վրա։

Ապագա ուսուցիչների ուսուցումը բաժանվում է տեսականի և գործնականի. այսինքն՝ նրանք իրենք սովորում են և պետք է սովորեն ուսուցանել։ Այս երկու կողմերը անքակտելի ձևով կապված են[24]։

Դիստերվեգի մանկավարժական վարպետությունը և նրա համախմբած մանկավարժական կոլեկտիվի համերաշխ աշատանքը նպաստեցին նրա գլխավորած հիմնարկները դնելու բարձր մակարդակի վրա։ Դիստաերվեգի ժամանակակիցները վկայում էին, որ նրա ղեկավարությամբ կրթություն ստացած ուսուցիչները, ինչպես իրենց ընդհանուր պատրաստությամբ, այնպես էլ դպրոցը հրաշալիորեն ճանաչելու տեսակետից, զգալիորեն տարբերվում էին գերմանական մյուս սեմինարիաների շրջանավարտներից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում իր ուսանողների կարիքներին ու հետաքրքրող հարցերի բավարարմանը, քանի դեռ նրանք գտնվում էին սեմինարիայում, իսկ ավարտելուց հետո՝ նրանց հետ սերտ կապ էր պահում։ Դիստերվեգը նրանցից շատերի հետ նամակագրություն ուներ և պրակտիկ աշխատանքների վերաբերյալ նրանց միշտ ցուցումներ էր տալիս։

Դիստերվեգի դաստիարակած ուսուցիչների սերունդը համակված էր ժողովրդի նկատմամբ ջերմ համակրանքով, իրենց համոզմունքների համար պայքարելու պատրաստակամությամբ, դեպի գիտելիքները ունեցած ձգտումով և լիակատար մանկավարժական խանդավառությամբ։

Մանկավարժական տեսության ու պրակտիկայի նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիստերվեգի հուշարձանը Բեռլինում (հատված)

Ադոլֆ Դիստերվեգի մանկավարժական գործունեությունը և ուսմունքը ոչ միայն պատմական մեծ նշանակություն ունեն, այլև արժեք են ներկայացնում նաև մեր օրերի համար։ Դիստերվեգի զարգացնող ուսուցման դիդակտիկան և նրանից բխող կանոնները, նրա մտքերը այս ուսուցման մեջ ուսուցչի ունեցած հսկայական դերի վերաբերյալ, նրա բարձր բարոյական դեմքի, նրա խոր գիտելիքների և մանկավարժական վարպետության մասին՝ մեծ արժեք ունեն։

Դիստերվեգը նպաստել է ժողովրդական դպրոցում գիտելիքների ծավալի ընդարձակմանը, նրանում դիտողականության արմատավորմանը և մի ամբողջ շարք առարկաների ուսուցման վերակառուցմանը, որոնք մինչև նրա գրքերի հրապարակ գալը դասավանդվում էին ծայրաստիճան սխոլաստիկ ձևով։ Դիստերվեգը պայքարել է ռեակցիայի դեմ՝ ժողովրդական կրթության գործում։ Պեստալոցցուց հետո նա ձգտում էր ուսուցման ողջ գործընթացը կառուցել երեխայի զարգացման օրենքների համաձայն։ Ժողովրդական դպրոցի բարելավման համար հսկայական նշանակություն է ունեցել Դիստերվեգի բեղմնավոր աշխատանքը ժողովրդական ուսուցիչների մի ամբողջ սերունդ պատրաստելու գործում։

Պատմամանկավարժական աշխատություններում (Դեյտերս, Զիբերտ) Դիստերվեգը բնութագրվում է որպես հումանիստ, դեմոկրատ, առաջավոր մանկավարժ, ում դերը բարձր է գնահատվում մանկավարժության տեսության զարգացման գործում։

Դիստերվեգի առաջավոր գաղափարները համամարդկային դաստիարակության, ուսուցման բնահարմարության մասին մեծ տարածում են գտել ոչ միայն Գերմանիայում, այլև դրա սահմաններից դուրս։ 1866 թվականին Ի. Ի. Պաուլսոնը Դիստերվեգին նվիրված իր հոդվածում գրում է. «Իմ ամբողջ մանկավարժական գիտությամբ, իմ համոզմունքների մշակմամբ ես առավելապես պարտական եմ Դիստերվեգի երկերին»։

Համառոտ մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհի վախճանի մասին (1817),
  • Ձեռնարկ գերմանական ուսուցիչների կրթության համար (1935),
  • Քաղաքակրթության կենսական խնդիրները (1836),
  • Ձեռնարկ մաթեմատիկական աշխարհագրության և հանրամատչելի աստղագիտության (1840),
  • Մանկավարժական իդեալները և հնարավորությունները (1857),
  • Մանկական դպրոցական ուսուցման տարրերը (1861)։

Մանկավարժական հանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հռենոսյան թերթիկներ դաստիարակության և ուսուցման համար (1827 թվականից սկսած),
  • Մանկավարժական տարեգիրք (1851 թվականից սկսած)։
  • Դաստիարակության բարձրագույն սկզբունքի մասին (1830)[Ն 2],
  • Ի՞նչ է պահանջում դպրոցից արդի ժամանակը (1830)[Ն 3],
  • Բնահարմարության և մշակութահարմարության սկզբունքները ուսուցման մեջ (1832),
  • Ո՞րն է ուսուցչի այն տարբերիչ հատկանիշը, որ հրահրում է աշակերտի հոգեկան ուժերը և ամրապնդում նրա բնավորությունը (1833)[Ն 4],
  • Տարրական ուսուցման սկզբունքը (1834)[Ն 5],
  • Գերմանական համալսարաններում տիրող կազմալուծման մասին (1836)[Ն 6],
  • Դաստիարակող ուսուցում-ուսուցանող դաստիարակություն (1841)[Ն 7],
  • Դպրոցի արտաքին կարգ ու կանոնի մասին (1842)[Ն 8],
  • Ամեն մի դպրոցական ուսուցիչ պետք է բնագետ լինի, իսկ ամեն մի գյուղական ուսուցիչ՝ բնախույզ (1842)[Ն 9],
  • Ուսուցչի ինքնագիտակցության մասին (1843)[Ն 10],
  • Դպրոցական կարգապահությունը և նրա կապը ուսուցման հետ (1844)[Ն 11],
  • Ժամանակակից մանկավարժության սկզբունքը (1845)[Ն 12],
  • Պեստալոցցու սկզբունքները դաստիարակության և կրթության գործում (1846)[Ն 13],
  • Ուսուցչության կրթության մասին (1849)[Ն 14],
  • Ժամանակակից դպրոցի ուսուցման հիմունքները (1853)[Ն 15],
  • Դիդակտիկական կատերխիզիս (1856)[Ն 16],
  • Երեք դիտողություն մանկավարժության և ուսուցիչների ձգտումների մասին (1858)[Ն 17],
  • Ինչից պետք է խուսափի ուսուցիչը ներկայում և ինչին պետք միշտ հետևի (1862)[Ն 18]։
  1. «Հռենոսյան թերթիկներ դաստիարակության և ուսուցման համար» ամսագրի հրատարակությունը Դիստերվեգի հետևորդների կողմից շարունակվել է նաև նրա մահից հետո՝ մինչև 1903 թվականը։
  2. Տվյալ հոդվածում Դիստերվեգը բացահայտում է բնահարմարության սկզբունքի իր ըմբռնումը, որը նա համարում էր դաստիարակության բարձրագույն սկզբունք։ Դիստերվեգի մանկավարժական հայեցակարգում այս սկզբունքը կապված է երեխային ուսումնասիրելու, ուսուցման ընթացքում նրա տարիքային և անհատական առանձնահատկությունները հաշվի առնելու պահանջի հետ։
  3. Այս հոդվածում Դիստերվեգը փորձում է ապացուցել, որ երիտասարդության բարոյական անկման պատճառը թաքնված է դպրոցական վատ աշխատանքի մեջ։ Այս հոդվածի պատճառով 1831 թվականին Դյուսելդորֆ քաղաքի մագիստրատը Դիստերվեգին դատի է տվել։ Դիստերվեգը մեղադրվում էր քաղաքի դպրոցները անհիմն կերպով ամբաստանելու մեջ, սակայն դատարանը արդարցրել է նրան։
  4. Այս հոդվածում Դիստերվեգը ընդգծում է, որ ուսուցումը բարերար ազդեցություն է ունենում ոչ միայն սովորողների գիտակցության, այլև կամքի վրա։ Նա հոդվածում բացահայտում է «ուսուցչի դիդակտիկական ուժեր» հասկացությունը՝ որպես սովորողների մտավոր ուժերն առավելագույն չափով արթնացնելու, և նրանց մոտ ամուր բնավորություն կազմավորելուն օժանդակելու ընդունակություն
  5. Ուսուցման մեջ կարևորելով դիտողականությունը՝ Դիստերվեգը ձգտում է ցույց տալ, թե ինչպես այն պետք է իրագործվի երեխաներին գրել, կարդալ, թվաբանություն, բնագիտություն, մայրենի լեզու սովորեցնելու գործընթացում։
  6. Հոդվածում Դիստերվեգը քննադատում է Գերմանիայի բարձրագույն կրթության համակարգը, պնդելով, որ բարձրագույն դպրոցում կյանքից կտրված գիտականությունը փոխարինել է իսկական գիտություններին, իսկ պրոֆեսորները անընդունակ են երիտասարդությանն անհրաժեշտ ձևով դաստիարակելու, որովհետև հեռու են կանգնած ուսանողներից և իրենց գործունեության մեջ հաճախ առաջնորդվում են ոչ թե գաղափարական մղումներով, այլ մանր փառասիրական շարժառիթներով։
  7. Դիստերվեգը հոդվածը գրել է Բեռլինի մանկավարժական ընկերության ժողովում՝ 1841 թվականի նոյեմբերի 10-ին, իր արտասանած ճառի հիման վրա։ Այդ ճառը անհրաժեշտ էր դարձել ընկերության անդամներից մեկի ելույթի կապակցությամբ, ով կասկածի տակ էր առել դպրոցի դաստիարակչական գործառույթները։ Դիստերվեգի ճառը նվիրված էր այն դրույթի ապացուցմանը, որ իսկական ուսուցումն ունի միաժամանակ դաստիարակչական ուժ
  8. Հոդվածում խոսվում է այն մասին, որ երեխաների կարգապահությունը, ճիշտ ժամանակին դպրոց գալը, հստակ պատասխանները և ճիշտ խոսելը դասերի ժամանակ ոչ միայն ապահովում են արտաքին կարգ ու կանոնը դպրոցում, այլև մեծ ազդեցություն են ունենում սովորողների ամբողջ հոգեկան զարգացման վրա
  9. Հոդվածում խոսվում է բնագիտության՝ որպես ուսումնական առարկայի նշանակության, գյուղական ուսուցչի կողմից բնությունը, շրջապատող միջավայրը ուսումնասիրելու, դրա աշխարհագրական, երկրաբանական և ֆիզիկական առանձնահատկությունները գերազանց ճանաչելու անհրաժեշտության մասին
  10. Այս հոդվածում խոսվում է ուսուցչի բարձր կոչման, նրա իրավունքների և պարտականությունների մասին՝ որպես քաղաքացու և երիտասարդության դաստիարակի
  11. Այս հոդվածում Դիստերվեգը կանգ է առնում սովորողների ուժերը զարգացնող ուսուցման էության վրա։ Դպրոցական կարգապահությունը նա դիտում է ոչ թե որպես ինքնուրույն երևույթ, այլ որպես այս «իսկական ուսուցման» հետևանք
  12. Այս հոդվածում Դիստերվեգը ձգտում է ապացուցել, որ ժամանակակից մանկավարժության հիմնական սկզբունքը օրինաչափությունն է, այսինքն՝ մարդու բնության մեջ դրված բնական օրենքներին համապատասխանելը։ Հոդվածում զգացվում է գերմանական իդեալիստական փիլիսոփայության, մասնավորապես՝ կանտականության ազդեցությունը Դիստերվեգի վրա։ Արժեքավոր է Դիստերվեգի այն դրույթը, թե իրական իմացությունը հիմնվում է զգայական ընկալումների վրա, այդ պատճաառով ժամանակակից ուսուցումը պետք է դիտողական լինի։
  13. Հոդվածը Դիստերվեգի՝ Պեստալոցցու ծննդյան 100-ամյակին նվիրված ելույթներից մեկն է։ Այստեղ նա ձգտում է բացահայտել Պեստալոցցու գաղափաարների նշանակությունը գերմանական ժողովրդական դպրոցի համար։ Հիմնականում այն նվիրված է երկու հարցի. 1.Պեստալոցցու հայացքներին ընտանիքի և ընտանեկան դաստիարակության մասին, 2.Պեստալցցու տարրական մեթոդին։
  14. Այս հոդվածում Դիստերվեգը ապացուցում է ուսուցիչների համար լայն ընդհանուր կրթության անհրաժեշտությունը, նա մատնանշում է, որ սեմինարիայում ամբողջ ուսուցմանը պետք է տալ մանկավարժական մասնագիտական ուղղվածություն, անխզելի կերպով իրար կապել ապագա ուսուցիչների տեսական և գործնակաան կրթությունը։
  15. Հոդվածում խոսվում է չորս սկզբունքների մասին (սուբյեկտիվ, ձևական, դիտողականության, տարրական), որոնք, Դիստերվեգի կարծիքով, կազմում են ուսուցման հիմքը ժամանակակից դպրոցում։
  16. Տվյալ հոդվածը գրված է կատերխիզիսի՝ հարցերի և պատասխանների ձևով, բացահայտում է Դիստերվեգի՝ տարրական դպրոցում թվաբանության, երկրաչափության, ֆիզիկայի և աստղագիտության ասպարեզում զարգացնող ուսուցման կենսագործմանը վերաբերող տեսակետները։
  17. Հոդվածը հետաքրքիր է, որպես Դիստերվեգի մանկավարժական յուրատեսակ հավատամք, նրա մանկավարժական հայացքների խիստ սեղմ և հատուկ բնորոշում։ Այստեղ Դիստերվեգը, արդեն իր կյանքի վերջում, հանրագումարի է բերում այն սկզբունքները, որոնց նա հետևում էր իր մանկավարժական գործունեության, իր ուսմունքի մեջ. հստակեցնում է իր դիրքորոշումը կրոնի նկատմամբ. բողոքում է դավանական, ծիսակատար կրոնի, եկեղեցական դպրոցի դեմ, պահանջում է ուսուցիչների դրության բարելավում։
  18. Հոդվածն ուղղված է դպրոցական հետադիմական օրենքների դեմ։ Դրանում Դիստերվեգը կոչ է անում ուսուցիչներին չհետևել իրենց պարտադրված դոգմաներին, այլ հավատարիմ մնալ առաջավոր գաղափարներին, իրագործել համամարդկային և ոչ թե նեղ ազգայնական գերմանական դաստիարակություն, մշտապես լրացնել սեփական գիտելիքների պաշարը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118525484 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 9)
  6. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.–2-е изд., испр. и дополн.–М.:ТЦ «Сфера», 2001.–512 с. (էջ 169)
  7. 7,0 7,1 История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 169)
  8. Diesterweg, F. A. W.: Schriften und Reden in zwei Banden. vol. 2, Berlin/Leipzig 1950 (էջ 186)
  9. Diesterweg, Lessing als Pädagog. Ausgewählte Schriften, hrsg. von Landenberg, B IV (էջ 8)
  10. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 22)
  11. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.-М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с. (էջ 93)
  12. Կոնստանտինով Ն. Ա., Մեդինսկի Ե. Ն., Շաբաևա Մ. Ֆ., «Մանկավարժության պատմություն», Եր., 1972 (էջ 122)
  13. Джуринский А.Н. История педагогики: Учеб. пособие для студ. педвузов.-М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000.-432 с. (էջ 239)
  14. http://www.p-lib.ru/pedagogika/mazalova/mazalova22.html
  15. История социальной педагогики: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений /Н. Ф. Басов, В. М. Басова, А. Н. Крав¬ченко.-М.:Издательский центр «Академия», 2005.- 256 с. (էջ 109)
  16. История социальной педагогики: Хрестоматия-учеб.: Учеб. пособие . Под. ред. М.А. Галагузовой. - М.: Гуманит. изд. центр ВЛАДОС, 2000. - 544 с. (էջ 149)
  17. История педагогики и образования. От зарождения воспитания в первобытном обществе до конца XX в.: Учебное пособие для педагогических учебных заведений / Под ред. академика РАО А.И. Пискунова.-2-е изд., испр. и дополн.-М.: ТЦ «Сфера», 2001.-512 с. (էջ 171)
  18. Иванов Е.В. История образования и педагогической мысли: Великий Новгород: НовГУ им. Ярослава Мудрого, 2002.-52 с. (էջ 31)
  19. Коджаспирова Г.М. История образования и педагогической мысли: Таблицы, схемы, опорные конспекты: Учеб. пособие для студ. высш. учеб. заведений.-М Изд-во ВЛАДОС-ПРЕСС, 2003.-224 с. (էջ 94)
  20. Дистервег А. Руководство к образованию немецких учителей// Дистервег А. Избранные педагогические сочинения. М.: Учпедгиз, 1956. С. 136-203. (էջ 15)
  21. Langenberg, Adolph Diesterweg. Sein Leben und seine Schriften, B. 1, (էջ 26)
  22. Aus Adolph Diesterwegs «Rheinischen Blättern», Pädagogik, 1954, №10 (էջ 769)
  23. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 64)
  24. Դիստերվեգ, «Մանկավարժական ընտիր երկեր», Երևան, 1963 (էջ 61)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Давыдов, В.В. Труды А. Дистервега и современная педагогика / В.В. Давыдов // Педагогика.- 1992.-№1-2.-С. 85-89.
  2. Давыдов В. В., Труды Дистервега и современная педагогика, "Педагогика", 1992, № 1-2;
  3. Дистервег, А. Руководство для немецких учителей / А. Дистервег; обраб. и предисл. К. Ваккера; пер. с нем. А.Ф. Гретмана.-М.: Книгоизд-во К.И. Тихомирова, 1913.-321 с.: портр. - (Педагогическая библиотека; под. ред. Д.Н. Королькова).
  4. Дистервег, А. О высшем принципе воспитания / А. Дистервег //Народное образование.-1998.-№4.-С. 155-162.
  5. Дистервег, А. О природосообразности и культуросообразности в обучении / А. Дистервег // Народное образование. - 1998. - №7-8. - С. 193-197.
  6. Дистервег, Ф.А. Радость приобретенного знания: из кн. "Руководство к образованию немецких учителей" / Ф.А. Дистервег // Первое сентября. -2008. - №13-14.-С. 30.
  7. Дистервег, А. Руководство к образованию немецких учителей: приводится науч. коммент. к работе авт. "О высшем принципе воспитания"/
  8. Дистервег А.// Народное образование.-2001.-№1.-C. 247-257.
  9. История педагогики и образования: от зарождения воспитания в первобыт. обществе до конца ХХ века: учеб. пособие для пед. учеб. заведений / А.И. Пискунов [и др.] ; под ред. А.И. Пискунова.-2-е изд., испр. и доп. - М.: ТЦ "Сфера", 2001.-510 с.: ил.
  10. Керженцев, А. Учитель немецких учителей: к 100-летию со дня смерти А. Дистервега / А. Керженцев // Народное образование. - 1966. - №7.-С. 86-87.
  11. Корнилов, С.В. Педагогическое наследие А. Дистервега [к 200-летию со дня рождения нем. педагога (1790-1866)] / С.В. Корнилов // Советская педагогика. - 1990.-№11.-С. 124-129.
  12. Кухарева, Е. Педагогическая вселенная Дистервега / Е. Кухарева //Минская школа.-2006. - №4.-С. 54-57.
  13. Пискунов А. И.. Дидактич. взгляды А. Дистервега, там же. 1956, № 1;
  14. Ротенберг В. А., Дистервег об учителе, СП, 1940, № 10;
  15. Рутцен, В. Дистервег как воспитатель учителей / В. Рутцен //Образование. - С. Петербург, 1896.-№ 5-6-С. 1-30.
  16. Синицкий, Л. Из истории педагогических идей на Западе / Л. Синицкий // Вестник воспитания.-М., 1905.-№2.-С. 67-100; №3.-С. 24-63; №4.-С. 36-84.
  17. Степашко, Л.А. Гуманист и демократ Фридрих Вильгельм Адольф Дистервег (1790-1866) /Л. А. Степашко // Философия и история образования: учеб. пособие для студентов высш. учеб. заведений / Л.А. Степашко; Акад. пед. и соц. наук; Моск. психол.-соц. ин-т.-М.: Флинта, 1999.-С. 86-92.
  18. Степашко, Л.А. Философия и история образования: учеб. пособие для студентов вузов / Л.А. Степашко ; Акад. пед. и соц. наук ; Моск. психол.-соц. ин-т.-М.: Флинта, 1999.-268 с.-(Библиотека педагога-практика).
  19. Фрумов С. А., Пед. деятельность Дистервега, там же, 1951, №7;
  20. Siebert H., A. Diesterweg. Seine Bedeutung fur die Entwicklung der Erziehung und Bildung in Deutschland, B., 1953.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Դիստերվեգ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Դիստերվեգ» հոդվածին։